PILKA Nail Room/Dry Bar-ը վերջերս է բացվել հագուստի մոդելավորող-դիզայներ Սվետլանա Վիրաբյանի կողմից, ով առավել հայտնի է SinaVir կեղծանվամբ: Տարիներ առաջ Սվետլանան մեկնել էր Բելարուսի մայրաքաղաք Մինսկ բնակության և այնտեղ հիմնել թվով առաջին PILKA Nail Room/Dry Bar-ը, որն էլ սկիզբ դրեց PILKA-յի ընթացքին, որպես առանձնահատուկ ապրելակերպ քարոզող ապրանքանիշի: Այսօր PILKA-ն հայտնի է երիտասարդության շրջանում, որպես մի վայր, ուր կարելի է գնալ մատնահարդարման, ոտնահարդարման, դիմահարդարման, կամ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու ու զրուցելու դրական միջավայրում: Հենց միջավայրի մասին էլ խոսեցինք Սվետլանայի հետ, ով բացի PILKA-յի հիմնադիրն ու տնօրենը լինելուց նաև իր աշխատակիցների ամենաբծախնդիր հաճախորդն է, որը ցանկանում է մատնահարդարման ոլորտը Հայաստանում հասցնել բարձր մակարդակի:
Yerevanlife – PILKA-յի հետ փորձ ունեք աշխատելու թե՛ Մինսկում, թե՛ Երևանում, կպատմե՞ք մի փոքր այս բիզնեսի տարբերությունների մասին երկու քաղաքներում:
Svetlana — Մատնահարդարման մակարդակը Մինսկում ավելի բարձր աստիճանի վրա է, ինչը չես ասի, օրինակ, վարսահարդարման մասին, կան նմանատիպ առանձնահատկություններ, որոնք ես կցանկանայի շտկել փորձի փոխանակման միջոցով: Արդեն պլաններ կան այնտեղի մասնագետներին հրավիրել մեզ մոտ և մեր մասնագիտներին ուղարկել Մինսկ վերապատրաստման: Աշխատելով այս ոլորտում՝ ես մշտապես փորձում եմ մաքսիմալ ուսումնասիրել շուկան հասկանալու համար այն, ինչ է պետք այս կամ այն քաղաքում, այս կամ այն հասարակությանը: Ուրախ եմ, որ այսօր PILKA-ն ընկալվում է, որպես ապրանքանիշ, ապրելակերպ, որովհետև ժամանակին այնտեղ, Մինսկում, փորձել եմ ստեղծել հայկական ջերմությամբ, ընկերասիրությամբ ու հյուրընկալությամբ մի անկյուն, որը շատ կարճ ժամանակում սիրվեց և դարձավ, կարելի է ասել, “կանացի ակումբ”:
Yerevanlife – PILKA-յի առանձնահատկությունը հենց Bar տերմինի մեջ է, այդպես չէ՞:
Svetlana — Nail Bar-երը բավականին մեծ տարածում ունեն արտասահմանում, դրանք առևտրի կենտրոններում գործող փոքրիկ կղզյակներ են, որտեղ մատուցվում է մատնահարդարման ծառայություն: Մենք օգտագործել ենք այս ֆորմատն ու մի փոքր խառնել բարերի կոնցեպտուալ նշանակության հետ: Չէ՞ որ մարդիկ բար են հաճախում լիցքաթափվելու, լավ ժամանակ անցկացնելու, խոսելու… Մեր սեղանները բարերի սեղաններ են հիշեցնում, մի հարթության վրա բոլոր այցելուներն ու մասնագետները մեկ սրահում զրուցում են, նոր ծանոթություններ ու կապեր են ձեռք բերում ու ընկերանում: Մենք ցանկանում էինք, որպեսզի մարդիկ շփվեն մատնահարդարման ընթացքում, և դա մեզ մոտ ստացվեց:
Yerevanlife – Ի՞նչ ծառայություններ են մատուցվում PILKA-յում բացի մատնահարդարումից:
Svetlana — Մեզ մոտ կարելի է գալ մատնահարդարման, ոտնահարդարման, դիմահարդարման ու թարթիչների լիցքի (lashmaking): Մենք աշխատում ենք արտերկրից ներկրված բարձրորակ նյութերով, որոնք ինքս եմ ձեռք բերում մեկնելիս: Շատ ենք կարևորում մաքրությունն ու անվտանգությունը, այդ իսկ պատճառով առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ախտահանմանը: Իսկ Dry Bar ֆորմատին դեռ չսովորած այցելուների և հատկապես տղամարդկանց համար գործում է առանձին VIP սրահ: