Նկարչուհին կտավի փոխարեն օգտագործում է օրգանական ապակի, իսկ ներկերի փոխարեն՝ ոսկի և արծաթ

13214852_848456101965087_1579889611_o

 

Նկարչուհի, Բենիկ Պետրոսյանի անվան մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Արև Պետրոսյանը նկարել սկսել է մանկուց: Բենիկ Պետրոսյանը` նկարչուհու հայրը, հանրաճանաչ քանդակագործ, Հայաստանում մանրաքանդակի դպրոցի հիմնադիրն է:

 

Արևի ընտրած ուղղությունը, սակայն, յուրահատուկ է. կտավի փոխարեն`օրգանական ապակի, իսկ ներկերի փոխարեն՝ ոսկի և արծաթ: Նկարչուհու աշխատանքները կարելի է տեսնել աշխարհի տարբեր ցուցասրահներում և նույնիսկ ոչ արվեստային տարածքներում, օրինակ՝ Եվրախորհրդի շենքում: Արևի ներկայիս գործունեության և հետագա պլանների շուրջ  զրուցեցինք իր ծննդյան օրը ցուցասրահում.

 

-Արև, ինչպե՞ս որոշեցիք Ձեր ծննդյան տոնը ցուցասրահում նշել, ինչո՞վ էր դա  պայմանավորված:

 

-Իրականում, հավատացեք, այս տարի սիրտ չունեի ընդհանրապես նշելու, քանի որ բոլորս էլ շատ լարված ու անհանգիստ ենք և ներքուստ ցավ ենք ապրում ներկայիս լարված իրավիճակի համար, որ տիրում է սահմանի ողջ երկայնքով: Իրականում ոչ մի պատրաստություն չէի տեսել: Ուղղակի գիտեի, որ ընկերներս կցանկանան գալ, գրկախառնվել ու շնորհավորել:

 

13214858_848455301965167_88632865_o

 

-Ձեր ընտրած ուղղությունը յուրահատուկ է: Ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիք ապակին՝ որպես կտավ, և արդյո՞ք այս ուղղությունը նորություն էր մեզանում:

 

-Գիտեք, ես սկսել եմ շատ տարիներ առաջ և միշտ ցանկացել եմ ունենալ «թափանցիկ» արվեստ: Փնտրել եմ նյութ, որի վրա կարելի է հեշտությամբ աշխատել և որը չի կոտրվում: Թափանցիկ նյութերի վրա աշխատելու տենդենցն աշխարհում արդիական է, բայց կոնկրետ այս տեխնիկայով ոչ ոք չի աշխատում: Ինքս եմ ստեղծել այն տեխնիկան, որն ինձ բերեց  այս ոճը:

 

-Մեծանալով արվեստագետների ընտանիքում՝ փոքր հասակից որոշվա՞ծ էր, որ այս ուղղությամբ եք գնալու, թե՞ այնուամենայնիվ տարիների ընթացում հանգեցիք այս որոշմանը:

 

-Ես իրականում ոչ մի տեսակի որոշում չեմ ունեցել, որովհետև  ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, ինքս մանկուց սիրել եմ նկարել և կարծես դա իմ կյանքի անբաժան մասն է եղել, ստեղծագործելն իմ մի մասն է: Ես անգամ չեմ մտածել ընտրության մասին, որովհետև դա այդպես էլ պետք է լիներ: Իմ երջանիկ զգալու միակ գրավականն այն է, որ ես զբաղվում եմ իմ սիրած գործով: Ստեղծագործում եմ և կարողանում եմ գտնել իմ տեսակի համար լայն ասպարեզներ, որտեղ ներդնում եմ իմ բոլոր հնարավորությունները:

 

-Գիտեմ, որ ունեցել եք ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում: Կա՞ մի տեղ, որտեղ հատկապես ջերմ են եղել այցելուները, և ցանկացել եք նորից վերադառնալ:

 

-Դա եղավ մի քանի տարի առաջ Ֆրեզնոյում: Ինձ նամակ էր եկել եկեղեցու համար պատվեր կատարելու մասին: Եկեղեցի, որն ունի ավելի քան հարյուր տարվա պատմություն և հայկական առաջին եկեղեցին է ԱՄՆ-ում: Երբ խոսակցություն գնաց գումարի մասին, ես ասացի՝ դա կլինի իմ նվերը եկեղեցուն: Ինչին ի պատասխան՝ նրանք ինձ հրավիրեցին Ֆրեզնո և կազմակերպվեց ցուցահանդես: Այնքա՜ն ջերմ ու հայեցի էին այդ մարդիկ, որ միանգամից սիրտս մտան: Հաջորդ տարի ինձ հրավիրեցին նշելու հարյուրամյակը: Առաջին անգամ նրանք ինձ գրավել էին իրենց ջերմությամբ ու բարությամբ, իսկ երկրորդ անգամ բեմում այնպես ներկայացրին ու այնպես ընդունեցին իմ երկրորդ նվերը՝ 12 մետրանոց նկարը, որ 700-հոգանոց դահլիճի հոտնկայս ծափահարությունները չէին դադարում շատ երկար:

 

13219749_848455341965163_445722092_n

 

-Արև, ինչպե՞ս եք ընտրում, թե ինչ նկարեք: Կա՞ն  ինչոր հատուկ եղանակներ՝ թեման ընտրելու համար, թե՞ ստեղծագործելու ընթացում եք որոշում:

 

-Կան հուզական աշխարին առնչվող թեմաներ, որոնք պարբերաբար մոտենում են և կան թեմաներ, որոնք հասունանում են ու իրագործելու կարիք ունեն: Օրինակ՝ անցած տարի ես անդրադարձա կնոջ թեմային: Կինը՝ իր բոլոր դրսևորումներով: Կարծես ինքս ինձ էի փնտրում տարբեր տեսակների մեջ: Կինը՝ մայր, կինը՝ սեր, կինը՝ գաղտնիք, կինը՝ իրիկնամուտ…կամ լույս: Կինը շատ տարբեր կարող է լինել: Սա կարծես մի մեծ շարք էր, որը ողողեց աշխարհն իր անվերջությամբ:

 

-Ո՞րն է եղել Ձեր առաջին աշխատանքն օրգանական ապակու վրա:

 

-Առաջին անգամ 2005-ին ես հանդես եկա Եղեռնի 90-ամյակին նվիրված «Ծաղիկներս նահատակած» ցուցահանդեսով: Շատ ազդեցիկ ցուցահանդես էր և մեծ արձագանք ստացավ: Անգամ հիմա կան մարդիկ, որ գալիս են ցուցասրահ այդ ցուցահանդեսի հիշողությամբ:

 

-Կա՞ մի ստեղծագործություն, որն ամենից շատ եք սիրում: Կպատմե՞ք, թե ինչպես է այն ստեղծվել, և ինչու եք այն առանձնացնում Ձեր մյուս աշխատանքներից:

 

-Շատ եմ սիրում «Մայր Հայաստան»-ը: Այն շատ մեծ խորհուրդ ունի: Քաղաքի վրա խոյանում է երիտասարդ աղջկա կերպարը, որն իր ձեռքերում պահում է ցորենի հասկը՝ ի խորհուրդ գենի շարունակության: Մազերը կարծես բարձրանում են տիեզերք՝ անվերջ մի տարածք: Մազերի մեջ կան խորհրդանիշներ՝ խաչը, եկեղեցին, հավատքը, թռչունը, որը խորհրդանշում է Սուրբ Հոգու առկայությունը: Նա կարծես իր գլխի վրա է կրում գենի շարունակության պատասխանատվությունը՝ լինելով նուրբ, երիտասարդ աղջնակ:

 

13187831_848455575298473_161732974_n

 

-2013-ին «Մայր Հայաստան»-ն ընդգրկվել է «Women in art» համաշխարհային արվեստի գրքում: Ինչպե՞ս ստացվեց և ինչու՞ հենց այս ստեղծագործությունը:

 

-Ես չեմ կարող ասել, թե ինչու հենց այդ մեկը: Ընտրությունն իրենց կողմից էր: Ինձ համար մեծ պատիվ էր ու մեծ անակնկալ, որ 2013-ին՝ հենց մայիսի 6-ին (իր ծննդյան օրը,- հեղ.), ես ստացա տպագրված գիրքը: Գրքում ներառված են միջնադարից մինչև մեր օրերը բոլոր կին արվեստագետները:

 

-Կա մի այսպիսի կարծիք, որ նկարչության լեզուն հասկանալի է բոլորին և թարգմանության կարիք չունի: Ձեզ ավելի մոտ, հասկանալի են հա՞յ, թե՞ օտարերկրյա նկարիչների աշխատանքները:

 

-Արվեստը փորձում են հասկանալ կամ հասկանում են մարդիկ, ովքեր ինչ-որ բան են սովորում դրա մասին: Բայց արվեստագետները սովորաբար զգում են: Սա զգայական մի աշխարհ է: Անշուշտ, կրթությունը պարտադիր է, որ զգայարաններդ ճիշտ աշխատեն, բայց այստեղ հասկանալու մասին խոսք չկա, այստեղ պետք է զգալ:

 

-Արև, ո՞րն է Ձեզ համար ավելի կարևոր. ստեղծագործելու ընթա՞ցքը, թե՞ վերջնական արդյունքը:

 

-Իհարկե ընթացքը, սկիզբը, ծնունդը, և կարծես ես բավարարված եմ: Այնուհետև արվեստի գործը լույս աշխարհ է գալիս, ինչպես երեխային ես ծնում, և որևէ կերպ չես կարող ճնշում գործադրել, թե ինքն ինչ ճանապարհ կունենա կյանքում: Ինքն արդեն ապրում է իր կյանքը, գտնում է իր տեղը և կերտում իր հեքիաթն այս կյանքում:

 

13224276_848456221965075_1615409297_o

 

-2015-ին բացվեց Ձեր ցուցասրահը՝ «Arev art gallery»-ին: Ինչպե՞ս առաջացավ ցուցասրահ բացելու գաղափարը, և ովքե՞ր են Ձեր այցելուները:

 

— Գաղափարը վաղուց է եղել և վերջապես 2015թ., երբ ԱՄՆ-ից վերադարձա, շատ անսպասելի տեսա այս տարածքն ու հասկացա, որ հենց այսօր և հենց այստեղ պետք է բացեմ ցուցասրահ: Սա իրականում միայն ցուցասրահ չէ, որտեղ ցուցադրված են Արև Պետրոսյանի, Արեգ Պետրոսյան և Բենիկ Պետրոսյանի աշխատանքները: Սա դարձել է արվեստի մի կենտրոն, որտեղ մենք շատ մշակութային երեկոներ ենք կազմակերպում՝ ասմունք, ֆիլմերի ցուցադրություններ, արվեստի դասախոսություններ և այլն: Փորձում եմ ոչ միայն նկարներ ցուցադրել, այլև արվեստ մատուցել:

 

-Ինչպիսի՞ զգացողություններ են առաջանում, երբ այցելուն նայում է Ձեր նկարներին, ուսումնասիրում է դրանք: Այդ պահին առաջանո՞ւմ է ներքին անհանգստություն, և ինչքանո՞վ է Ձեզ համար կարևոր այցելուի կարծիքը:

 

-Բնավ ոչ: Մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ և դա բնավ վախենալու չէ: Անշուշտ կարևոր է այցելուի կարծիքը, որովհետև դա հնարավորություն է տալիս կողքից  գնահատելու անցած ճանապարհը և, մի գուցե նաև աճ ապրելու:

 

13162029_848460565297974_1335116752_n

 

-Որքանով ես տեղյակ եմ, աշխատել եք նաև աշխարհահռչակ «Coca Cola»  ընկերության հետ:

 

-Իրականում մինչև նկարներով ներկայանալը ես եղել եմ ամենաճանաչված հեռուստախաղորդումների ձևավորման հեղինակը: Այսինքն՝ Հայաստանում գրեթե բոլոր հեռուստաընկերությունների տաղավարների հեղինակն էի շուրջ 15 տարի: Մինչ օրս էլ կան ստուդիաներ, որոնք իմ ձևավորումով են արված, ինչի համար ես շատ ուրախ եմ: Այդ շրջանում աշխատել եմ և՛ «coca cola»-ի, և՛ «Schwarzkopf», և՛ շատ ուրիշ մեծ ընկերությունների հետ:

 

-Մտահղացում կա՞ հետագայում բացել մի դպրոց, որտեղ հնարավորություն կունենաք Ձեր փորձն ու գիտելիքները փոխանցել մատաղ սերնդին:

 

-Միգուցե ավելի ուշ՝ այո, բայց հիմա ես ինքս զարգանալու ճանապարհ ունեմ, ես ինքս բացահայտում եմ տեխնիկայի մեջ նորություններ և ես ինքս աշխատելով եմ կատարելագործվում:

 

 

Մարիամ Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով