«Մեծ առավելություն է ցուցադրել աշխատանքներդ այնպիսի գեղեցիկ երկրում, ինչպիսին Հայաստանն է». YerevanLife.am-ի բացառիկ հարցազրույցը ֆիլիպինցի նկարչուհի Հարի Լուալհաթիի հետ

1484676_816035278464821_8139305557849865676_n Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 17-ին Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մեկնարկել էր ամենամյա «Արվեստ Էքսպո-2016»-ը (ARvesT Expo’16): Միջազգային ցուցահանդեսը Հայաստանում անցկացվում էր արդեն 2-րդ անգամ՝ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, և նվիրվում էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

 

«Արվեստ Էքսպո 2016»-ին ներկայացված էին աշխարհի 18 երկրի ավելի քան 40 արվեստագետներ, ու նրանց թվում էր նաև Ֆիլիպինցի նկարչուհի Հարի Լուալհաթին: Հարին ծնվել է Ֆիլիպիններում, ավարտել է Քեսոն քաղաքի Գեղարվեստի համալսարանը, ավելի ուշ տեղափոխվել է Հոնգ-Կոնգ և աշխատել այնտեղ: Այժմ Հարին ապրում և ստեղծագործում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Yerevanlife.am-ին հաջողվեց կապ հաստատել նրա հետ և զրուցել նրա արվեստի, Հայաստանում անցկացված միջազգային ցուցահանդեսի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ.

 

13271942_472499942948155_691067135_o

 

Հարի, մի փոքր պատմեք Ձեր ստեղծագործական կյանքից: Ինչպե՞ս սկեցիք զբաղվել նկարչությամբ:

 

-Ես սկսեցի հետաքրքրվել նկարչությամբ, երբ դեռ երեխա էի: Շատ շնորհակալ եմ ծնողներիս իրենց աջակցության համար. նրանք խաղալիքների փոխարեն ինձ համար ներկելու պարագաներ էին գնում: 2006 թվականին ավարտեցի կերպարվեստի բաժինը Ֆիլիպինների համալսարանում, որից հետո սկսեցի աշխատել որպես նկարչուհի, նախագծող և նկարազարդող ինչպես Ֆիլիպիններում, այնպես էլ Չինաստանի Շենժեն քաղաքում, Հոնգ-Կոնգում և Հարավային Աֆրիկայում: Նույնիսկ երբ գրասենյակային աշխատանք ստացա լրիվ դրույքով, ես շարունակեցի նկարել և մասնակցել ցուցադրությունների: Մի քանի տարի առաջ միայն որոշեցի ամբողջ ժամանակս նվիրել նկարչությանը և հետևել իմ կրքին: Ես իմ աշխատանքները ցուցադրել եմ Ֆիլիպիններում, Հոնգ-Կոնգում, Հարավային Աֆրիկայում, Իտալիայում, Գերմանիայում և վերջերս նաև Հայաստանում:

 

Ինչպե՞ս տեղեկացաք «Արվեստ Էքսպո 2016»-ի մասին և ինչու՞ որոշեցիք մասնակցել:

 

-Մեծ պատիվ էր ինձ համար ծանոթանալ «Արվեստ Էքսպո»-ի կազմակերպչի`Վագո Արմենո Խախամյանի հետ: Հենց նա էլ ինձ հրավիրեց մասնակցելու: Ես իսկապես շատ շոյված էի: Մեծ առավելություն է ցուցադրել աշխատանքներդ այնպիսի գեղեցիկ երկրում, ինչպիսին Հայաստանն է:

 

13275646_472576836273799_1522109573_n

 

Երբևէ Հայաստանում եղե՞լ եք: Ի՞նչ գիտեք մեր երկրի մասին:

 

-Ես չեմ եղել Հայաստանում, բայց իսկապես ցանկանում եմ այցելել: Ես գիտեմ, որ Հայաստանը կապվում է Արարատ լեռան հետ, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը: Հեռուստատեսությունից տեղեկացել եմ, որ Քարդաշյանները հայ են, և դիտել եմ նրանց հայաստանյան այցից մի հատված: Այդտեղից էլ ես տեղեկացա ցավալի եղելության` Հայող ցեղասպանության մասին: Գիտեմ նաև, որ գեղեցիկ են ոչ միայն հայկական բնաշխարհը, եկեղեցիները, ճարտարապետությունը, այլև հայերը շատ բարետես են:

 

Ձեր նկարներին նայելով` կարելի է կռահել, որ սիրո թեման Ձեզ համար յուրահատուկ տեղ ունի: Ի՞նչ այլ թեմաներով եք ստեղծագործում:

 

-Այո, դուք ճիշտ եք: Սիրո թեման տարբեր դրսևորումներով միշտ առկա է իմ բոլոր աշխատանքներում: Ես կարծում եմ, որ սերն այն է, ինչ պետք է աշխարհին, և յուրաքանչյուրը պետք է տեսնի ու զգա այն ավելի հաճախ: Ի դեպ՝ ես այժմ աշխատում եմ «Կյանքի դասերը» և «Հոգու հզորացումը» թեմաներով նկարների շարքերի վրա:

 

13246226_1070089133059433_446407982926246125_o13250519_472499796281503_901148343_n

 

Դուք Ֆիլիպիններից եք, բայց աշխատում եք Հարավային Աֆրիկայում: Ինչպե՞ս է նոր միջավայրն ազդել Ձեր ստեղծագործությունների վրա:

 

-Այո, ես Ֆիլիպիններից եմ, բայց մինչև Հարավային Աֆրիկա տեղափոխվելը տևական ժամանակ աշխատել եմ Հոնգ-Կոնգում: Հարավային Աֆրիկայի միջավայրը բոլորովին այլ է: Այստեղ միջավայրն ավելի գյուղական է և տարբերվում է Ֆիլիպինների ու Հոնգ-Կոնգի զբաղված, քաղաքային մթնոլորտից: Բնակչությունն այստեղ ավելի սակավ է, և Հարավային Աֆրիկան լեցուն է վայրի բնությամբ: Կարող եմ ասել, որ Հարավային Աֆրիկան ինձ դարձրեց բնության երաշխավոր և կենդանիների սիրահար: Այս միջավայրն իրոք ազդել է ինձ վրա, և դա երևում է իմ աշխատանքներից, որտեղ ես ներդրել եմ բնության տարրեր:

 

Հետաքրքիր է՝ ո՞րն է Ձեզ համար ավելի կարևոր՝ լինել ճանաչված նկարչուհի՞, թե՞ ձեռք բերել գնորդներ՝ աշխատանքները վաճառելու համար:

 

-Ինձ համար որպես նկարչուհի ճանաչված լինելը նշանակում է նկարել և դարձնել դա քո մասնագիտությունը: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ նկարչությունն իմ տարերքն է: Գնորդներ ունենալը կարևորվում է այնքանով, որ անհրաժեշտ է գումար վաստակել ապրելու համար: Սակայն ամենակարևորն ինձ համար հաղորդագրություններ փոխանցելն է իմ նկարների միջոցով: Մեր առաքելությունը մեր տեսակետն արտահայտելն է և մարդկանց հետ կիսելը, փոխանցել հաջորդող սերունդնրին այն, ինչ մենք արժևորում ենք: Ես ցանկանում եմ դրական զգացումներ և սեր փոխանցել իմ նկարների միջոցով:

 

13249348_472499829614833_445049013_n 13282034_472499919614824_1816306229_n

 

Յուրաքանչյուր արտիստ ունի իր ոգեշնչման աղբյուրը: Իսկ ո՞րն է Ձերը :

 

-Ես կարող եմ ոգեշնչվել որևէ մեկից կամ որևէ բանից, որն ինձ կլուսավորի և կստիպի սիրված զգալ: Ոգեշնչումն ինձ համար նույնանում է այն զգացումի հետ, որը ես ցանկանում եմ պահպանել իմ նկարներում և կիսել նրա հետ, ով կնայի նկարներիս…

 

 

Վերջում հավելենք, որ Հարին նաև զբաղվում է խաղերի և տարբեր հանդեսների գրաֆիկայով, ունի 30-ից ավելի մրցանակ:

 

 

Հարցազրույցը՝ Ռաֆիկ Ենգիբարյանի

Թարգմանությունը՝ Գայանե Ենոքյանի

 

One comment on “«Մեծ առավելություն է ցուցադրել աշխատանքներդ այնպիսի գեղեցիկ երկրում, ինչպիսին Հայաստանն է». YerevanLife.am-ի բացառիկ հարցազրույցը ֆիլիպինցի նկարչուհի Հարի Լուալհաթիի հետ
  1. Hari Lualhatiասում է՝

    Thank you very much to the entire team of YerevanLife.am ??
    ❤️
    #‎HariLualhati
    #‎Artist
    Website: http://harilualhati.yolasite.com/
    Like my Facebook Artist Page: http://www.facebook.com/HariLualhati.Artist
    Blog: http://harilualhati.blogspot.com/
    Subscribe to my YouTube Channel:
    http://www.youtube.com/subscription_center…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով