«Ջիվանին ասացի՝ կա՛մ կգամ ֆիլմի պրեմիերային, կա՛մ կռվելու, բայց փաստն այն է, որ գալիս եմ Հայաստան». Էն Բեդյան

13754315_1410544505919762_154395908172862566_n

 

Օրերս Հայաստանում էր գտնվում ամերիկահայ դերասանուհի Անի Նահապետյանը (Էն Բեդյան), ով հայ հանդիսատեսին առավել հայտնի է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր ադրբեջանցի կնոջ` Ռեբեկային: Yerevanlife.am-ը նրա հետ զրուցելու բացառիկ հնարավորություն ունեցավ, և այժմ ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցն Անիի հետ: Նրա հետ խոսել ենք «Վերջին բնակիչը» ֆիլմից, «Ոսկե ծիրան» կինոփառատոնից, Ղարաբաղյան հիմնախնդրից, Երևանից ու երևանցիներից, ամերիկյան երազանքից, նրա գործունեությունից, ընտանիքից, Ամերիկայում անցած զինվորական ծառայությունից և այլ բազմաթիվ հետաքրքրական թեմաներից.

 

— Անի, առաջին անգամ էիք նկարահանվում հայկական ֆիլմում: Ինչպիսի՞ն էին տպավորությունները, և ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը հայ ռեժիսորի, հայ դերասանների հետ:

 

— Այո, առաջին անգամ էր, որ հայկական ֆիլմարտադրությանն էի մասնակցում: Դա հրաշալի փորձություն էր ինձ համար: Իմ կյանքում երկու կարևոր բան կա՝ հայությունս և դերասանությունը: Ջիվանի շնորհիվ կարողացա այդ երկուսը միմյանց կապել. ես, որ արդեն ամեն տարի Հայաստան եմ գալիս, առաջին անգամ էր, որ իբրև դերասանուհի եկա ու կարողացա հայրենիքս տեսնել, լինել Ղարաբաղում ու միաժամանակ զբաղվել դերասանությամբ: Այդ մասին ես շատ էի երազել, և այս ֆիլմի շնորհիվ ինձ բախտ վիճակվեց երազանքս իրականացնել:

 

Ես երկու տարի առաջ Լոս Անջելեսում  տեսա «Թևանիկ» ֆիլմն ու իմացա, որ արդեն «Վերջին բնակիչը» ֆիլմի մտահղացումը կա: Անմիջապես կապնվեցի Ջիվանի հետ, նրան իմ տվյալներն ուղարկեցի: Ասացի՝ եթե ինչ-որ կերպ կկարողանամ օգտակար լինել, իմ մասնակցությունն ունենալ նոր ֆիլմի նկարահանման գործում, ապա պատրաստ եմ: Իմացել էի, որ ըստ սցենարի՝ ֆիլմում Ռեբեկա անունով հերոսուհի կա, որը, փաստորեն, հենց այն կերպարն էր լինելու, ում մարմնավորելու էի: Այսինքն` ժամանակն ամեն ինչ հրաշալիորեն իր տեղը գցեց:

 

10338776_10153872809392193_8221099321635140737_n

 

— Ֆիլմում ադրբեջանցի կնոջ կերպար էիք մարմնավորում: Ինչպիսի՞ն էին զգացողությունները, և ինչպե՞ս կբնութագրեք Ձեր այդ կերպարը:

 

— Խնդիրն այն չէր, որ ես, լինելով հայ, պետք է ադրբեջանցի կնոջ կերպար մարմնավորեի: Ես գիտեի, որ ֆիլմը հենց Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին չէ, սակայն թեման բնականաբար շոշափվում է ֆիլմում, բայց ես՝ իբրև հայ, մտածել ու պատկերացրել էի, որ պետք է հայ կնոջ որևէ դեր խաղայի, և արդեն պատրաստ էի նման դերի: Սակայն երբ Ջիվանն ինձ ասաց՝ ոչ, ընդհակառակը, ադրբեջանցի կնոջ ես մարմնավորելու, շոկի մեջ ընկա մի քիչ: Բայց նա անմիջապես հիշեցրեց՝ դու չասացի՞ր, որ ցանկացած ձևով կարող ես օգտակար լինելու ու մասնակցել ֆիլմի նկարահանմանը: Ես, իհարկե, փոքր-ինչ անակնկալի եկա, բայց պատրաստ էի և սիրով համաձայնեցի: Ես առհասարակ փորձ ունեմ տարբեր ազգությունների կանանց դերեր խաղալու՝ իսրայելցի, հույն, թուրք և այլն, այսինքն՝ ազգությունը խնդիր չէ, դա կապ չունի: Իմ հերոսուհին, Ռեբեկան, որ երկու երեխաներին կորցրել է ու հիմա նորից հղի է, պետք է նույն մայրական զգացողություններն ունենա՝ անկախ ազգությունից: Հիմնական դժվարությունն այն էր, որ ֆիլմում հայերեն գրեթե չպիտի խոսվեր` ելնելով այն հանգամանքից, որ ֆիլմը պատմում է գյուղի վերջին ու միակ բնակչի մասին:

 

76247_497041841417_916923_n

 

— Դուք մեծ փորձառություն ունեք ամերիկյան հեռուստաարտադրության, կինոյի մեջ: Եթե փորձեք համեմատել, ապա ինչպիսի՞ ընդհանրություններ և տարբերություններ կնշեք հայկական ու ամերիկյան կինոարտադրության մեջ:

 

— Ես Ամերիկայում ավելի շատ հեռուստատեսային սերիալներում եմ խաղում, այստեղի սերիալներում խաղալու որևէ փորձ երբևէ չեմ ունեցել: Ընդհանրապես կինոյի նկարահանման գործընթացը շատ ավելի տարբեր է սերիալի նկարահանումից: Սերիալներում ամեն ինչ շատ արագ է արվում. մեկ շաբաթում նոր էպիզոդներ են գալիս, նոր դերեր, գործընթացն ընդհանուր առմամբ տարբեր է, բայց եթե ֆիլմերը համեմատեմ, ապա ճիշտ նույն ձևով են ընթացել նկարահանումները: Գործընթացը գրեթե նույնն էր, բայց հայկական ֆիլմում նկարահանվելն անհամեմատ ավելի հաճելի էր, քանի որ հայրենիքում էի, իմ հայրենակիցների կողքին, հոգով, սրտով ավելի հարազատ:

 

199168_10150167616686418_5564298_n

 

— Անի, մինչև «Վերջին բնակիչը» ֆիլմում նկարահանվելը որքանո՞վ էիք ծանոթ Ղարաբաղյան հիմնախնդրին, և հետաքրքիր է` ինչպիսի՞ լուծում եք Դուք տեսնում այդ խնդրի կարգավորման համար:

 

— Ես 1990-1993թ.-ին զինվորական ծառայության եմ անցել ԱՄՆ-ում և փաստորեն 18-21 տարեկան հասակում ընդհանրապես գաղափար չունեի, թե Ղարաբաղում ինչ է պատահել, ինչ է կատարվում: Պատկերացնո՞ւմ եք` ծառայությունն ավարտելուց հետո միայն իմացա կատարվածի մասին: Ծառայությունս ավարտելու վերջին օրը` 1993թ.-ի հունիսի 12-ին, մահացավ Մոնթե Մելքոնյանը, և այդ լուրն ինձ հասավ անմիջապես: Կարճ ժամանակ անց ես արդեն շատ լավ գիտեի հայոց պատմությունը, պատերազմից հետո Ղարաբաղյան խնդիրն ավելի լավ ուսումնասիրեցի ու ինձ շատ վատ զգացի, շատ նեղվեցի, որ այդ տարիներին կարող էի նույն ծառայությունն անցնել հայկական բանակում, բայց ծառայել եմ մեկ այլ վայրում՝ լրիվ անտեղյակ լինելով կատարվող իրադարձություններին: Ես իսկապես կգայի, համոզված եմ՝ Մոնթեն ինձ կընդուներ… Եթե միայն իմանայի, որ Հայոց բանակում Մոնթեի նման մեկը կա…

 

Մենք Ղարաբաղի մասին երգերով ենք սովորել, հայրենասիրական երգերի շնորհիվ, որոնք շատ լավ արտացոլում էին Ղարաբաղի պատմությունը: Իմ հայրը երազում էր Ղարաբաղում լինել մահանալուց առաջ: Ցավոք, չհասցրեց, չկարողացավ, բայց վերջերս՝ ապրիլյան պատերազմի օրերին, երբ ես արդեն խենթացած վիճակում էի, Ջիվանի հետ խոսեցի, ասացի՝ կա՛մ կգամ ֆիլմի պրեմիերային, կա՛մ կռվելու, բայց փաստն այն է, որ գալիս եմ Հայաստան, և գալուց հետո կերևա, թե ինչ է լինելու, ինչ եմ անելու:

 

Մենք՝ հայերս, խնդիր չունենք, Ղարաբաղը մերն է ու վերջ: Ուզում են դա ընդունել, թե ոչ, դա արդեն իրենց ու ամբողջ աշխարհի խնդիրն է, մենք խնդիր չունենք, դա մեր հողն է, որից ոչինչ արդեն չի մնացել, ամեն ինչ ավերակ դարձավ…

 

180779_10150126857981418_4561765_n

 

— Անի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին ի՞նչ կասեք: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է նրա դերը հայկական կինոյի զարգացման գործում, ու ի՞նչ հեռանկար ունի այն:

 

— Ասեմ, որ առաջին անգամ էի մասնակցում «Ոսկե ծիրան»-ին: Իհարկե, լսել էի, տեղյակ էի, որ նման փառատոն կա, բայց երբեք չէի մասնակցել, ներկա չէի գտնվել: Միայն մի նկատառում եմ ուզում անել՝ մյուս բոլոր հեղինակավոր փառատոներից այն տարբերվում է նրանով, որ միայն մեկ անվանակարգ կա՝ «Ոսկե ծիրան»: Շատ ավելի լավ կլիներ, որ այլ անվանակարգեր ևս լինեին, օրինակ՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան և այլն: Այսինքն՝ որ չստացվի, թե ժյուրիի բոլոր գնահատականներն ու որոշումները հանգում են միայն մեկ ֆիլմի վրա, որ մյուս ֆիլմերն էլ գնահատականի արժանանային. չէ՞ որ գուցե տվյալ ֆիլմը շատ լավն է, բայց այն մյուս ֆիլմի ռեժիսորի աշխատանքն ուղղակի հոյակապ է, ու պետք է գնահատել անպայման: Պետք է ինչ-որ կերպ ցույց տալ մասնակից ֆիլմերի արժեքը: Հույս ունեմ՝ տարիների ընթացքում ավելի զարգանալով այլ անվանակարգեր կավելանան. մի երեք-չորս հատ որ լինի, ավելի հետաքրքիր կլինի փառատոնը:

 

13782201_1410544692586410_6491290867843143491_n

 

— Մի փոքր շեղվենք կինոյից. որքան հասկացա, բավական ժամանակ է` Հայաստանում եք ու մինչ այս էլի եղել եք այստեղ: Ինչպիսի՞ն էին տպավորությունները մեր սիրելի մայրաքաղաքից` Երևանից ու երևանցիներից:

 

— Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1989թ.-ին՝ երկրաշարժից մեկ տարի անց: Ամեն ինչ, անշուշտ, շատ տարբեր էր այսօրվա համեմատ: Ես 2000 թվականից հետո սկսեցի ամեն տարի գալ Հայաստան, ու ամենակարևոր բանը, որ տեսա, ծառայությունների ոլորտի կտրուկ  բարելավումն էր՝ հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, ակումբներ ու փաբեր, այսինքն՝ ամեն տարի գնալով ավելի է լավանում կյանքն այստեղ, ու տեսնում եմ, որ նոր սերունդն ավելի աշխույժ է, ավելի խանդավառ ու կյանքով լեցուն:

 

Երկու շաբաթ է, ինչ Երևանում եմ, և ամեն օրս յուրովի ու տարբեր է անցնում: Այստեղ այնքան բան կա անելու, չեմ հասցնում ձանձրանալ, պարզապես մի շաբաթ էլ երևի պետք է մնայի, որ կարողանայի ամեն ինչին շատ ավելի լավ ծանոթանալ, ավելի լավ ճանաչել Երևանն ու Հայաստանն ընդհանուր առմամբ: Ցավոք, այսօր արդեն մեկնում եմ:

 

13690776_1732568857004942_6035641248457219986_n 13717475_1732571417004686_576209946758646638_o

 

— Անի, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի, Ձեր ծնողների մասին, նկատի ունեմ` որքանո՞վ է նրանց հաջողվել պահպանել կապը հայրենիքի հետ, ձեզ հաղորդակից դարձնել հայկական ավանդույթներին, մշակույթին ու հայոց պատմությանը:

 

— Մայրս ու հայրս Հալեպից են, ես Մոնրեալում եմ ծնվել: Մենք առաջին սերունդն ենք, որ հայրենիքից դուրս՝ Կանադայում ենք ծնվել: Մենք հայ ենք մեծացել, հայկական դպրոց ենք գնացել, հայերեն գրել-կարդալ ենք սովորել: Մինչև 6-րդ դասարան ես հայկական դպրոց էի գնում, տանն իրավունք չունեինք այլ լեզվով խոսելու, մինչև այսօր էլ միայն հայերեն ենք խոսում միմյանց հետ և ընդհանրապես մեզ ավելի հարմար է տանը մայրենի լեզվով խոսելը, քան օտար լեզվով: Ես այնքան շատ եմ եղել հայության մեջ, նրանց հետ մեծացել, որ երբ զինվորական ծառայության անցա, ու այնտեղ օտար մարդիկ հարցնում էին՝ Հայաստանն ի՞նչ է, որտե՞ղ է, գժվում էի ուղղակի, ասում էի՝ ինչպե՞ս չգիտեք, ախր մենք ամենա-ամենա ազգն ենք, դուք Արարատը չգիտե՞ք, Կիլիկյան թագավորության մասին չե՞ք լսել: Հետո հասկացա, որ աշխարհը շատ-շատ մեծ է, և շատ մարդիկ կան, որ հայերի մասին դեռ չգիտեն: Իսկ ես մտածում էի, որ ամբողջ աշխարհը գիտի, քանի որ ամենահին ազգերից մեկն ենք:  Ես հիմա Լոս Անջելեսում եմ ապրում և շատ լավ եմ զգում այնտեղ, քանի որ շատ հայեր կան, այնտեղ չես կարող քեզ օտար զգալ: Եթե անկեղծ, ապա շատ եմ ուզում այստեղ ապրել, եթե աշխատանք ունենայի, սիրով կգայի, երազանքս է. և՛ այստեղ տուն ունենայի, և՛ այնտեղ, շատ լավ կլիներ: Եթե Ջիվան Ավետիսյանի նման ռեժիսորներն ավելի շատ լինեին, այսպիսի ֆիլմեր ավելի շատ ու ավելի հաճախ նկարահանվեին, նման առաջարկներ ավելի շատ ունենայի, ապա միանշանակ այստեղ կգայի: Իհարկե, Հոլիվուդում աշխատում եմ, բայց նախընտրում եմ այստեղ աշխատել…

 

— Կխնդրեմ մի փոքր ավելի մանրամասն պատմեք նաև Ձեր գործունեության մասին, այն ամենի մասին, ինչով Դուք զբաղվում եք Ամերիկայում, Կանադայում և այլուր:

 

— Ես Մոնրեալում սկսեցի իմ դերասանական ուղին: Անշուշտ, մայրս ու հայրս չէին ուզում, որ դերասանություն սովորեմ, այդ իսկ պատճառով հաշվապահություն եմ սովորել ու ի դեպ՝ շատ եմ սիրել, մինչև հիմա էլ սիրում եմ իմ այդ մասնագիտությունը: Բացի այդ` շատ լեզուներ եմ սովորել: Արդեն 14 տարեկանում 4 լեզու գիտեի, համալսարանում էլ վերջին՝ 5-րդ լեզուն սովորեցի՝ գերմաներենը: Անցյալ տարի էլ սկսեցի ռուսերեն կարդալ:

 

Ինչպես նշեցի, Մոնրեալում եմ սկսել իմ գործունեությունն իբրև դերասանուհի, հետո  հասա Տորոնտո, այնուհետև՝ Նյու Յորք, կամաց-կամաց դռները բացվեցին, և վերջում Լոս Անջելես եկա: Երբեմն Հայ ոսկերիչների համաշխարհային միության հետ էլ եմ աշխատում, նրանց ամերիկյան ներկայացուցիչն եմ: Օգնում եմ լեզվի հետ կապված հարցերում, հիմնականում թարգմանություններ եմ անում ու երբեմն էլ որոշ կազմակերպչական հարցեր եմ կարգավորում, երբ կարիք է լինում հանդիպումներ կազմակերպել և այլն:

 

73954_495374676417_1268291_n

 

— Այստեղ` Հայաստանում, շատերն ամերիկյան երազանքով են տարված: Որքանո՞վ է հեշտ ԱՄՆ-ում հասնել ամենաբաղձալի երազանքների իրականացմանը, և ի՞նչ ճանապարհ է պետք անցնել դրա համար:

 

— Ամերիկյան երազանքը, ինչպես գիտեք, կապում են ոչ միայն դերասանության, այլև շատ այլ բնագավառների ու մասնագիտությունների հետ: Ընդհանրապես ասում են՝ եթե երազանք ունես, ապա ճանապարհն արդեն կա. եթե ճանապարհը չլիներ, երազանքը չէիր ունենա: Ես տեսել եմ, թե ուր եմ ուզում գնալ, չգիտեի, թե ինչպես պետք է այնտեղ հասնեմ, բայց երբ ամբողջ կյանքդ ու էներգիադ դեպի այդտեղ ես ուղղում, դռները բացվում են. Աստված մեծ է: Ես հիշում եմ՝ մի քանի տարի առաջ երազում էի, որ Հայաստանի հետ ավելի մեծ կապ ունենամ, որ որպես դերասանուհի այստեղ աշխատեմ, և հիմա կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում, ու դռները բացվում են: Բայց դա չի նշանակում, որ պետք է տանը նստել ու սպասել, որ դռները  բացվեն, ու ամեն ինչ իր ոտքով գա քեզ մոտ: Պետք է ճարպիկ լինել, շատ աշխատել, ցանկանալ և բոլոր դռները թակել: Այդ ժամանակ կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի` անկախ նրանից, թե դու որտեղ ու որ երկրում ես գտնվում: Ես էլ չգիտեի, թե երազանքս ինչպես պիտի իրականանար, բայց գիտեմ միայն, որ հոգով-սրտով իսկապես երազել եմ:

 

-Վերջում կրկին վերադառնանք կինոյին. ի՞նչ եք կարծում, «Վերջին բնակիչ»-ն ի՞նչ ապագա ունի, ի՞նչ ճանապարհ դեռ կարող է անցնել և արդյո՞ք այն ասելիքը, որ ցանկանում էր փոխանցել, տեղ է հասել կամ պիտի հասնի:

 

-Ճանապարհը դեռ նոր սկսվեց «Վերջին բնակչի», դեռ հազիվ դուռը բացվել է, դեռ ոչինչ չի եղել, ամեն ինչ առջևում է: Եթե «Թևանիկ»-ը կարողացանք մինչև Ամերիկա հասցնել, ապա «Վերջին բնակիչը» շատ ավելի մեծ ճանապարհ ունի անցնելու: Գիտեմ, որ հանձնախումբն այժմ աշխատում է այդ ուղղությամբ:

 

 

Հարցազրույցը` Աստղիկ Իսկանդարյանի

 

Լուսանկարները` Yerevanlife.am-ի և Էն Բեդյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

Հետևեք նաև Yerevanlife.am-ի ֆեյսբուքյան էջին՝  լրահոսին ծանոթանալու և թարմացվող տեղեկատվություն ստանալու համար

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով