«Nelly Serobyan». հայկական արտադրության նորաձև հագուստ` պարզ և ինքնավստահ կանանց համար

DSCN9242

 

«Տաշիր» առևտրի կենտրոնում տեղակայված «Armenian brands» առևտրային հարթակի շրջանակում ներկայացված է նաև հայկական «NS/Nelly Serobyan» ապրանքանիշը, որն արտադրում է կանացի նորաձև հագուստ պարզ և ինքնավստահ կանանց համար:

 

«Հավաքածուներս արված են մարդկանց համար, ովքեր նորաձևության գերիներ չեն, այսինքն` մեր ապրանքանիշի ցանկացած հագուստ կրելու դեպքում մարդիկ չեն կորցնում իրենց ինքնուրույնությունն ու եսը և տվյալ հագուստը ներկայացնում են յուրովի: Նշեմ, որ հագուստները բավական հարմարավետ են: Իհարկե, կան մի քանի բացառություններ, բայց դրանք ինքնավստահ մարդկանց համար են, քանի որ բավական պարզ են և կրողից ինքնավստահություն են պահանջում, որպեսզի կարողանան այն ճիշտ մատուցել` պարզ, բայց ոչ պարզունակ»,- Yerevanlife.am-ի հետ զրույցում նշեց բրենդի հիմնադիր, դիզայներ Նելլի Սերոբյանը:

 

IMG_9499

 

Նելլիի ներկայացրած հագուստն արված է հիմնականում մինիմալիստական ոճով: Վերջին երկու հավաքածուները նույնպես այդ ոճում էին, և ի դեպ` նոր հավաքածուն, որ պետք է արվի, ևս մինիմալիստական է, իսկ թե մեկ տարի հետո, օրինակ, ինչ ոճում հանդես կգա երիտասարդ դիզայները, դեռ ինքն էլ չգիտի. ժամանակը ցույց կտա:

 

«Առայժմ միայն կանացի հագուստ եմ ներկայացնում, բայց ունեմ մանկական և տղամարդու հավաքածուներ ևս: Պատրաստում եմ նաև աքսեսուարներ, այսինքն` արտադրանքի առումով ինչ-որ սահմանափակում չունեմ: Իհարկե, պատվերներ էլ են լինում, բայց միայն փոխհամաձայնության միջոցով, քանի որ կան բաներ, որոնցից միանշանակ կհրաժարվեմ»,- ասում է Նելլի Սերոբյանը:

 

Անդրադառնալով նաև «Armenian brands» նախագծին` Նելլին ընդգծեց` այն ներկայանալու հիանալի հնարավորություն է հայ դիզայներների համար` թե՛ սկսնակ և թե՛ արդեն հայտնի ու շուկայում իրենց տեղը գտած. «Նախագիծը հատկանշական է նրանով, որ Հայաստանում իր նախադեպը չի ունեցել, ու հենց դրանով է հետաքրքրություն առաջացնում: Ես շատ շնորհակալ եմ նախագծի հեղինակներին, քանի որ այն հրաշալի միջոց է ներկայանալու և ինքնահաստատվելու»,- նշեց նա:

 

14051619_1746670035594824_1981111630518269896_n

 

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին «Տաշիր» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Armenian Brands» նախագծի շնորհանդեսը: «Տաշիր Ինվեստ Գրուպ» ընկերությունը ներկայացրեց Հայաստանում նախադեպը չունեցող միասնական հարթակ, որտեղ տեղակայված են հագուստ, կոշիկ և աքսեսուարներ արտադրող բացառապես հայկական ընկերություններ:

 

Նախագիծը գնորդների համար հնարավորություն է ստեղծում մեկ վայրում ծանոթանալու հայրենական արտադրողների և մոդելավորողների ներկայացրած նմուշներին: Ծրագրի հեղինակները նշում են՝ այս որոշման հիմնական նպատակն է խթանել հայաստանյան արտադրողների գործունեությունը, ապահովել մեկ հարթակից միասնական ցուցադրություն և վաճառք, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել բիզնես-տուրիզմի զարգացման համար:

 

ՀԳ.  Yerevanlife.amն առաջիկայում կանդրադառնա «Armenian Brands» նախագծի շրջանակում ներկայացված մյուս ապրանքանիշերին ևս:

 

Այս թեմայով ձեզ կարող է հետաքրքրել նաև` «ArmiMarti». հայկական արտադրության նորաձև հագուստ` ինչպես առօրյայում, այնպես էլ երեկոյան միջոցառումներին կրելու համար

 

 

Աստղիկ Իսկանդարյան

 

 

DSCN9257DSCN9247 DSCN9248 DSCN9251 14107786_1746669965594831_8582384744629577194_o

 

 

 

Հետևեք նաև Yerevanlife.am-ի ֆեյսբուքյան էջին՝  լրահոսին ծանոթանալու և թարմացվող տեղեկատվություն ստանալու համար

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով