«Վերջին բնակիչը» Հայաստանից` ամերիկյան ազգային կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը հավակնորդ

13048182_1401635930143953_6970775122517245605_o

 

Ո՞վ ենք մենք, ո՞րն է մեր կինոն թե՛ հայի և թե՛ օտարի սրտում

 

 

Թույլ տվեք նկատել, որ եթե մենք՝ հայերս, նկարում ենք ֆիլմեր, որոնցով հետաքրքրված ենք միայն մենք, ապա ինչ-որ չափով «տանուլ ենք տալիս» մեր կինեմատոգրաֆիան: Ինչու՞… որովհետև մենք՝ որպես ազգ, ունենք մեր պատմությունը, առասպելները, հեքիաթները, հումորները, իսկ ո՞վ գիտի դրա մասին, ո՞ր երկիրը. բացառեցինք տարբերակները, քանի որ աշխարհի քարտեզի վրա կխճճվենք փնտրելու համար…

 

Ինչևէ, անդրադառնանք մեր բուն ասելիքին, որը բխում է հենց վերը նշվածից: Խոսում ենք պատմության մասին… Ապրիլյան դեպքերը վեր հանեցին կրկին մեր խոցելի կողմը՝ Արցախը: Ո՞վ գիտի Արցախի մասին`իբրև հայկականի: Մենք պետք է հասցնենք այն ողջ աշխարհին. դա մեր առաջնային խնդիրներից է, մենք պետք է հաղթենք մեր մշակույթով, մեր կինոարտադությամբ, քանի որ կինոն այսօր, համաձայնեք, նվաճել է ողջ աշխարհը: Փորձեր կատարվել են, երբեմն հաջողվել, շատ անգամ` ձախողվել, բայց համենայնդեպս վերջին տարիներին դրական վերելք ունեցել ենք:

 

13765886_1410545805919632_5685047159833151244_o

 

Ռեժիսոր, ում ֆիլմերը կարող են ազդարարել հաղթանակի շունչ, նորի սկիզբ

 

 

Ի ուրախություն ազգիս՝ մենք ունենք ռեժիսոր, ով ունի ասելիք, ունի ձեռագիր, ոճ և կարևորը` նպատակ, և դա միայն հպարտություն պետք է ծնի յուրաքանչյուրիս սրտում: Բազմաթիվ կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակ, մանկությունը և պատանեկությունը Արցախում անցկացրած ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն այսօր արդեն իր 2-րդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ծնունդով ուրախանլու և հպարտանալու առիթն ունի, և պատահական չէ, որ նրա ֆիլմերի մեծամասնությունն իրենց մեջ կրում են Արցախը, մի մաս` Արցախից:

 

Ֆիլմի պրեմիերային հաջորդած մեկ-երկու անխոհեմ մեկնաբանություններից հետո  լրատվամիջոցները ողողվեցին միայն դրական արձագանքներով: Չէ՞ որ հենց պրեմիերային հաջորդող օրը` ֆիլմի մամուլի ասուլիսին, ռեժիսորի սրտից բխած խոսքով ամեն ինչ ասված էր.  «Ես աշխարհում քայլում եմ ամենահպարտ մարդու կեցվածքով, որովհետև ուղղակիորեն իմ մեջքին կրում եմ 13. 000 կմ² ` հայության 2-րդ հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը, և ցանկացած միջավայրում ես ինձ լավ եմ զգում, դա է ինձ ուժ տալիս, որ ես աշխարհին կարողանամ քարոզել սեր և հանդուրժողականություն, որովհետև ես հաղթող եմ ինձ զգում»:

 

14139289_10207599194161769_438388963_o

 

Եթե բոլորս այսպես մտածեինք և այսպես գործեինք… ինչևէ, նրան, համենայնդեպս, հաջողվում է իր բազմաչարչար աշխատանքի շնորհիվ: Արդյու՞նքը… Իհարկե կա: Այդ են վկայում մեր հակառակորդների արձագանքը ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմի` «Թևանիկ»-ի մասին: Haqqin.az կայքը գրում է.«Ադրբեջանը պարտվեց Հայաստանին նաև կինեմատոգրաֆիայով»: Այսպիսի խոստովանության առիթ է հանդիսացել Արցախի հարցն աշխարհին հասցնելու Ջիվան Ավետիսյանի մեթոդը, այն է`արվեստի  հզոր գործեր, հզոր ֆիլմեր ստեղծելով, որոնք ընդգրկվում են աշխարհի առաջատար կինոփառատոններում, և որոնցից կայքի հոդվածում հենց անդրադառնում են «Թևանիկ»-ի` Hollywood International Moving Pictures Film Festival-ում` «Լավագայուն օտարալեզու ֆիլմ»  անվանակարգում հաղթող ճանաչվելու փաստին:

 

«Թևանիկ» ֆիլմի` 9 լեզուներով թարգմանվելու, 20-ից ավելի երկրներում  ցուցադրվելու փաստն իսկապես խորհրդածության առիթ է տալիս. Ֆիլմ, որը ստեղծվել է նվազագույն բյուջեով, կարողացել է հասնել տարբեր երկրներ. և ո ՞րն է այս ֆիլմի «մեխը». նշանակում է՝ հրաժարվեցինք բյուջեից, նշանակում է՝ կենտրոնանում ենք ասելիքի և պատմության վրա, նշանակում է՝ կանգնում ենք ռեժիսորի կողքին, քանի որ օտարն արդեն իսկ հասկացել է պատմությունը և բարձր գնահատանքի է արժանացել օտար հանդիսատեսի կողմից: Այդ են վկայում 10-ից ավելի մրցանակները: Ի վերջո հանգում ենք նրան, որ մենք փոքր-ինչ սխալ ենք, սխալ եղել ենք, և շարունակում ենք սխալ մտածել, քանի որ մենք ընդունում ենք աշխատանքը միայն օտարի բարձր գնահատականից հետո: Իհարկե, «Թևանիկ»-ն արժանացավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին, բայց, համաձայնեք, որ այն առավելագույնս սիրվեց և հետաքրքրեց հայ հանդիսատեսին, երբ արդեն զգալի շրջել էր աշխարհով:

 

14151895_10207599194561779_1339794965_o

 

«Վերջին բնակիչը». խոսուն լռությու՞ն, թե՞ պարզ ճշմարտություն շղարշի ներքո…

 

 

Ի՞նչ ունենք այսօր. Ֆիլմ, որն անդրադառնում է Սումգայիթյան դեպքերին, ունենք «Վերջին բնակիչը», որն ուղղակիորեն առնչվում է հայերիս. մի՞թե արցախյան շարժումը կանխելու համար չէր այդ ոճրագործությունը…Ուրեմն ի՞նչ, պարզ տրամաբանություն. այս ֆիլմը ևս իր մեջ կրում է Արցախը, բայց այն կրում է ոչ թե պատերազմական տեսարանների, արյունահեղության, 2 թշնամական ջոկատների առերես բախումների, այլ պարզ, հասարակ մարդկային ճակատագրերի միջոցով: Ֆիլմի ասելիքը բազմաշերտ է, յուրաքանչյուր շերտ ունի իր ասելիքը` հանդիսատեսին մատուցել իր ուրույն ճանապարհը, որը կարելի է գտնել շատ պարզ թվացող տարբեր նմանությունների, սիմվոլների մեջ: Ֆիլմի «զենքը» միգուցե նաև լռությունն է… Հենց այդ լռությունն է, որ խոսում է ավելի ճշմարիտ ու պարզ, ավելի ներդաշնակ, երբ միաձուլվում է ճիշտ ժամանակին հնչող երաժշտության հետ: Ֆիլմում հնչում է ադրբեջաներեն, ռուսերեն և արցախյան բարբառ, որոնք բնորոշ էին տվյալ ժամանակաշրջանին և առհասարակ ֆիլմն իր խորությամբ թույլ չի տալիս հանդիսատեսին հագենալ միայն մեկանգամյա դիտումով: Վստահ եմ, երկրորդ, երրորդ անգամ նայելով` այլ աշխարհ կբացահայտեք, այն աշխարհը, որը մութ էր մնացել առաջին դիտումից հետո: Այսպիսի ֆիլմերն արվեստի արժեքավոր գործեր են, որոնք պետք է պահպանել և թույլ տալ ազատ շնչելու և երկար կյանք ունենալու:

 

Չլիներ հզոր ֆիլմի ասելիքը, թեման, պատմությունը, վստահորեն չէր լինի նաև 5 երկրների համատեղ արտադրությունը. Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ: Չէր լինի հզոր դերասանական կազմը` Հայաստանից, Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից, չէր լինի թիմը` նպատակասլաց երիտասարդ ուժով: Մենք իսկապես ունենք լավ և որակյալ ֆիլմ, կարևորը`ասելիք ունենք, թեկուզ, իհարկե, ոչ  հոլիվուդյան ֆիլմերի, այլ համեստ, հայկական բյուջեով ստեղծված, բայց կարևորն ունենք, և չպետք է թողնենք, որ այն կրկին հաճելիորեն զարմացնի օտար հանդիսատեսին ու նոր միայն սկսենք գնահատել մեր ունեցածը: Եկեք գնահատենք այժմ, գնահատենք մենք և ապա` օտարը:

 

14115033_1413881452252734_4517900408669981890_o

 

«Վերջին բնակիչը» Հայաստանից` ամերիկյան ազգային կինոակադեմիայի  «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը հավակնորդ

 

 

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստանից նոմինացվել է 3 ֆիլմ. Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»  ֆիլմերը:

 

Բարդ ընտրությունից հաղթող դուրս կգա, կարծում ենք, այն ֆիլմը, որի ասելիքը համամարդկային է, որն իր խիստ ազգային թեմայի ներսում ամփոփում է մարդկության փրկության գաղափարը: Իսկ թե որն է այն «Վերջին բնակիչը» ֆիլմում` Ջիվանը բազմիցս ասել է. «Ցանկացած իրավիճակում մարդ մնալու պատգամը… Եվ եթե գեթ մեկ մարդու կարողանանք փոխել՝ անկախ ազգությունից, դա արդեն հաջողություն է»:

 

Նոմինացված բոլոր ֆիլմերին և ռեժիսորներին մաղթենք հաջողություն, և հուսանք, որ Հայաստանի ազգային կինոակադեմիան կկատարի ճիշտ ընտրություն և Հայաստանն ըստ արժանվույն կկարողանա ներկայանալ ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

 

14139388_10207599241762959_1548428951_o

 

ՀԳ. «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 2015թ.-ին  Արցախում՝ ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում: 82 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումները տևել են 20 օր:

 

Ֆիլմն ստեղծվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերկերության կողմից՝  աջակցությամբ Շվեդական, ամերիկյան ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը, Մասիս Բաղդասարյանը: Պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը, գործադիր պրոդյուսերն է Ադրինե Միրզայանը, համարտադրող` Կեստուտիս Դրազդաուսկասը:

 

Հայ սիրված և ճանաչված դերասանների` Ալեքսանդր Խաչատրայնի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի, Էլֆիք Զոհրաբյանի հետ միասին Ֆիլմում մասնակցություն ունեն համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից` Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Հոմայուն Էրշադին, Լիտվայից` Սանդրա Դաուկշայտե Պետրոլենեն, Հունաստանից` Դիմիտրա Չատուպին, ԱՄՆ-ից` Աննե Բեդյանը, Ռուսաստանից՝ Արմեն Գրեյգը: Ֆիլմի կոմպոզիտորը` «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկայնն է: Երաժշտությունը ձայնագրվել է  Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Հովեր կամերային երգչախմբի կատարմամբ, գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 

Հիշեցնենք, որ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.-ի «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

 

 

 

14164023_10207599241882962_1646129672_o 14163906_10207599242322973_1477584866_o 14163679_10207599194681782_746218068_o 14163554_10207599242562979_1070719312_o 14163552_10207599241962964_2007335890_o 14151879_10207599194721783_83267109_o 14151777_10207599194481777_1574705930_o 14139189_10207599194641781_1574455118_o 14123381_10207599194521778_967939564_o 14114755_10207599242522978_7814023_o 14114695_10207599241562954_215578934_o 13987241_10207599241922963_1928071235_o

 

 

 

Հետևեք նաև Yerevanlife.am-ի ֆեյսբուքյան էջին՝  լրահոսին ծանոթանալու և թարմացվող տեղեկատվություն ստանալու համար

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով