«Նուռ» ցուցասրահը հերթական անգամ իր դռները բացել է հայ արվեստասերների առաջ՝ հնարավորություն տալով նրանց ծանոթանալու աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետների աշխատանքների հետ: Այս անգամ ցուցասրահը խմբակային ցուցահանդեսի շրջանակում հյուրընկալել է Ապարանում անցկացված Քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի մասնակիցներին: Նրանց թվում կան արվեստագետներ Գերմանիայից, Կանադայից, Չիլիից, Պերուից, Իռլանդիայից, Ավստրալիայից և մի շարք այլ երկրներից: Սիպմպոզումի հայ մասնակիցների թվում է եղել նաև Արման Նուռը:
«Նուռ» ցուցասրահի տնօրեն և խմբակային ցուցադրության համադրող Լիլիթ Հովհաննիսյանը վստահ է՝ նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս հայ արվեստասերներին տեսնել արտասահմանյան արվեստագետների գործերը: «Շատ դժվար է տարբեր երկրների արվեստը տեսնելու համար շրջել բոլոր այդ երկրներով,- նշում է Լիլիթը:- Այս և նմանատիպ այլ միջոցառումների շնորհիվ նրանք այդ հնարավորությունը ստանում են: Սկզբում մենք ցուցադրում էինք միայն Արման Նուռի աշխատանքները, սակայն ժամանակի ընթացքում սկսեցինք ցուցադրել նաև այլ հայ արվեստագետների գործեր, ովքեր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս: Այսօր արդեն ցուցասրահը կազմակերպում է նաև միջազգային ցուցահանդեսներ, ինչպես այս մեկը»:
Ինչպես ցուցադրությունը բացահայտում է բազմաթիվ հայ արվեստասերների համար, այնպես էլ հայկական արվեստն ու Հայաստանն ընդհանրապես բացահայտում են ցուցադրության մասնակիցների համար:
«Որքանով հասցրել եմ ծանոթանալ, հայկական ժամանակակից արվեստն իսկապես հոյակապ է,- նշում է ավստրալացի արվեստագետ Ջոյ Հեյլենը:- Այն շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Հատկանշական է, որ այդ ամենը համեմված է նաև հայկական աննման, հիասքանչ հյուրասիրությամբ»:
Բելգիայից ժամանած Արա Բադալյանն էլ իր մոտեցնում է տալիս ժամանակակից արվեստին. «Ինձ համար ժամանակակից արվեստ գոյություն չունի, որովհետև հիմա արվեստները խառնված են իրար, ու այդ կոկտեյլի մեջ պետք է ստեղծես մի բան, որ մարդկանց մեջ զգացմունքներ առաջացնի: Մեր խդնիրը նա է, որ գնանք դեպի ապագա, ով ինչքան կարող է հեռու, ու բերենք մի բան, որ ոչ ոք չի տեսել: Պետք է ստեղծենք մի բան, որ ինքներս մեզ կարողանանք զարմացնել»:
Տարբեր երկրներից ժամանած արվեստագետների աշխատանքները նոր շունչ են հաղորդել «Նուռ» ցուցասրահին: Արվեստի տարբեր դրսևորումներն ամեն պատի վրա են, ամեն անկյունում: Խմբակային ցուցադրությունն ասես փոխում է այցելուին, տալիս նոր լիցքեր և տպավորություններ, որոնք ցուցասրահից հեռանալուց հետո անգամ երկար ժամանակ չեն լքում քեզ:
Արվեստի սիրահար եք թե ոչ, «Նուռ» ցուցասրահի դռները բաց են յուրաքանչյուրի համար: Խմբակային ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 20-ը, այնպես որ շտապեք, բաց մի թողեք աշխարհի տարբեր երկրների արվեստով հիանալու եզակի հնարավորություններից մեկը: