Ցանկացած բիզնեսի զարգացման հիմքում մշտական աշխատանքը, նորարար մոտեցումն ու ժամանակակից տենդենցներին համապատասխան որոշումներ կայացնելն է։ «Big Projects» ընկերության նախաձեռնությամբ՝ մարտի 27-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում անցկացվեց «Բիզնեսի 4 հիմնաքարերը» խորագրով բանախոսությունների շարք, որտեղ ներկայանում էին իրենց ոլորտում փորձառու և լավագույն բանախոսները՝ Սերգեյ Ուսնունց, Հայկ Մանասյան,Վահրամ Միրաքյան, Վարդուհի Հարությունյան։ Ներկաները ծանոթացան մարքեթինգի, սպասարկման, վաճառքի և միջոցառումների մարքեթինգի ոլորտի մի շարք նորությունների, կիրառելի գիտելիքներ ստացան իրենց բիզնեսի զարգազումը խթանելու համար։ Միջոցառմանը հրավիրված էին 150-ից ավել սկսնակ և արդեն հայտնի կազմակերպությունից մոտ 300 մարդ, որոնք զբաղեցնում են պատասխանատու և ղեկավար պաշտոններ։ Բանախոսներին լսելուց, տարատեսակ հարցերի պատասխանը ստանալուց զատ, ներկաները կարողացան փորձի և մտքերի փոխանակում իրականացնել միմյանց հետ։
«Big Projects» ընկերության հասարակայնության և կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ միջոցառման հիմնական մեխը բիզնես ոլորտի մարդկանց իրար հետ ծանոթացնելը և փորձի փոխանակման հարթակ ստեղծելն է։ Տարիների փորձ ունեցող գործարարը և սկսնակն իրար հետ քննարկելու շատ թեմաներ ունեն, և հատկապես անցնող դժվար տարվանից հետո, բիզնեսը պետք է կարողանա նոր թափով առաջ գնալ։
«Big Projects»-ը նախատեսում է ամռանը՝ հունիսի 18, 19 և 20-ին, «Երևան էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտ) անցկացնել ցուցահանդես-տոնավաճառ, որի ընթացքում մանկական արտադրանքի և ծառայության ոլորտում լավագույն կազմակերպությունները հանդես կգան իրենց հատուկ առաջարկներով և զեղչերով։
Մեկ հարթակում կներկայացվեն ինչպես նոր, այնպես էլ՝ արդեն վաղուց գործունեություն ծավալող բիզնեսները։ Սպասվում են խոշոր խաղարկություններ։
Լրագրող՝ Արմինե Բրսոյան