Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի հակառակ կողմում, որ նայում է դեպի խորհրդային գերմոդեռնիստական ոճով կառուցված, հետագայում տոնավաճառի վերածված «Ռոսիա» կինոթատրոնի շենքը, սովորականի պես աշխույժ է: Սա քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է, ուր կենտրոնացված է կենտրոնի առևտրի մի զգալի մասը՝ սկսած փողոցային առևտրից՝ մինչև կոշիկի ու հագուստի խանութ-սրահներ, սուպերմարկետներ և նորաբաց «մոլեր»:
Այնպես որ, քաղաքացիների աշխույժ անցուդարձի մեջ արտառոց ոչինչ, կարծես թե, չկա: Բայց շենքի առաջին հարկում բացված խանութ-սրահներից մեկի մոտ մարդկանց կուտակում է նկատվում: Տեղադրված կարմիր գորգը, ճակատային մասում փակցված պաստառը, փուչիկներով պատրաստված զարդարանքը՝ հայկական եռագույնի դրոշներով, և վերջապես՝ չկտրված կարմիր ժապավենը անառարկելիորեն հուշում են, որ շուտով այստեղ հանդիսավոր արարողություն պիտի տեղի ունենա:
Տեղեկացված քաղաքացիները, ովքեր նախընտրում են հայկական ապրանքը և որոնց միավորում է քաղաքացիական ու հայրենասիրական գաղափարը՝ խթանել հայրենական արտադրության զարգացմանը, սրտատրոփ սպասում են այս տարվա սկզբին մեկնարկած շատ կարևոր տնտեսական մի նախաձեռնության՝ «Ազգային մոլի» տեքստիլի բաժնի վերաբացմանը արդեն նոր հասցեում:
Հայկական ապրանք արտադրողներին միավորելու և նրանց բիզնեսի առաջմղմանը նպաստելու նպատակով այս տարվա՝ 2021 թ. հունվարի վերջին Թբիլիսյան խճուղիում բացված «Ազգային մոլ» առևտրի տեխնիկական խնդիրների պատճառով փոխել է իր հասցեն և այսուհետ կգործի Երևանի կենտրոնում՝ երկու ստորաբաժանումներով:
Առաջինը «Ազգային տեքստիլն» է, իսկ երկրորդը՝ «Ազգային սուպերմարկետը»: Այս երկու սրահները շատ մոտ են իրար. բոլորին հայտնի «Ռոսիա» կինոթատրոնին և մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանին հարակից տարածքում են:
Կիրակի օրը՝ մարտի 28-ին, Ագաթանգեղոսի 7 հասցեում տեղի ունեցավ «Ազգային տեքստիլ» խանութ—սրահի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողությունը վարող գեղեցկուհու ողջույնի խոսքից, ծափահարություններից և կարմիր ժապավենը սրահի պատասխանատուների կողմից կտրելուց հետո բոլորը ներս անցան՝ ծանոթանալու խանութ-սրահին և այստեղ տարբեր արտադրողների կողմից ներկայացված ազգային ապրանքների տեսականուն:
Խանութի վաճառողուհիներից մեկն ասում է, որ սրահում վաճառքի են դրված ոչ միայն տեքստիլ ապրանքներ, այլև հեղինակային, ձեռագործ աշխատանքներ:
Տեքստիլի խանութում ներկայացված հայկական ապրանքատեսակները և ընդհանրապես «Ազգային մոլի» կոնցեպտը ավելի լավ գիտի սրահներից մեկի պատասխանատուն՝ Էրիկ Մազմանյանը, որն այս գաղափարի նվիրյալներից մեկն է, բայց, կարծես թե, առայժմ այնքան էլ գոհ չէ նախագծի զարգացման գործերից, քանի որ չի տեսնում պետության աջակցությունը, թեև, ինչպես ինքն է ասում, դիմել են պետական տարբեր ատյանների:
«Աջակցում ենք միայն հայկական արտադրանքը, ուզում ենք բոլոր հայ արտադրողներին ներկայացնել մեկ հարթակում և թուրքականը դուրս հանենք Հայաստանից, որպեսզի Հայաստանում միայն հայ արտադրությունը լինի», — ասում է Էրիկ Մազմանյանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով՝ դա հնարավոր է:
«Թեկուզև հիմա հայկական ապրանքների գինը մի քիչ բարձր է թուրքականից, բայց եթե հայ արտադրողը սկսի ավելի շատ արտադրել՝ կարելի է ասել՝ թուրքականից էլ էժան կլինի: Հումքի խնդիր է: Մենք մի քանի կամավորներով համախմբվել ենք, միտքը մերն է, ոչ մի աջակցություն չենք ունեցել իշխանությունների կողմից: (…) Դիմել ենք: Թբիլիսյան խճուղիում մոլ ենք բացել, դիմել ենք ոստիկանությանը, որ լուսայինով ապահովի, Տրանսպորտի նախարարությանն ենք դիմել, քաղաքապետարանին ենք դիմել ավտոկայանների համար և ոչ մի դրական պատասխան չենք ստացել, դրա համար տեղափոխվել ավելի ակտիվ Կենտրոնի տարածք»:
Այսպես է ներկայիս իրավիճակը ներկայացնում հայ արտադրողներից մեկը:
Մինչդեռ ազգային արտադրանքը մեկ հարթակում վաճառելու ծրագիրը պարզապես հերթական բիզնես պրոյեկտ չէ. նախաձեռնողները՝ Տեղական արտադրողների միությունը, իրենց առջև վառ արտահայտված քաղաքական երանգներ ունեցող կարևոր տնտեսական նպատակ են դրել՝ պայքարել Հայաստանի թեթև արդյունաբերության և հատկապես տեքստիլի շուկան գրաված թուրքական ապրանքի դեմ: Թուրքիայի հրահրմամբ և բացահայտ աջակցությամբ նախորդ տարվա աշնանը Արցախի դեմ սկսված աղետաբեր պատերազմից հետո այս հարցը ոչ միայն ռազմավարական նշանակություն է ստացել, այլ նաև արժանապատվության խնդիր է դարձել:
Հավանաբար հենց այս միտումն ու տրամադրությունները խթանեցին Հայաստանում ազգային առևտրի կենտրոն բացելու և հայկական արտադրության վաճառքն ակտիվացնելու գաղափարը:
«Ազգային տեքստիլ» խանութ-սրահի պատասխանատու Սերժ Արշակյանը իր հերթին ասում է, որ պետական աջակցություն առայժմ չի եղել: Հարցին՝ ինչո՞ւ չի եղել, պատասխանում է, որ ինքն իրավասու չէ նմանատիպ հարցերը մեկնաբանելու այն պարզ պատճառով, որ կազմակերպիչ-ներդրողների շարքում չէ և նման բանակցությունների երբևէ չի մասնակցել:
Ամեն դեպքում, մեր զրուցակիցը համոզված է, որ այսպիսի նախագծերի դեպքում պետության աջակցությունը շատ մեծ դեր կարող է խաղալ:
Մնում է հուսալ, որ այդ աջակցությունը հայ արտադրողին անպայման կլինի թե՛ պետության և թե՛ հայ սպառողի կողմից, և «Made in Armenia» («Արտադրված է Հայաստանում») պիտակով ապրանքները մեր առօրյայում կշատանան ու նաև ավելի մեծ ծավալներով կարտահանվեն արտերկիր: Ուրեմն բարի երթ մաղթենք հայ արտադրողներին և հայկական ապրանքը շուկայում վաճառողներին:
Արամ Սարգսյան