Հնդկաստանը շատ նման է ծիածանի: Այս հնագույն երկիրը շատ մեծ է, հարուստ ու բազմաշերտ և բազում գույներ ունի իր մեջ՝ ինչպես ծիածանը: Հատկապես՝ վառ գույներ: Կարելի է ասել, որ Հնդկաստանն ու ծիածանի վառ գույները, որոնք մեր համաքաղաքացիները շատ են տեսնում հատկապես հնդկական կինոֆիլմերում, հոմանիշներ են:
Հայաստանում գուցե քչերը իմանան, որ բարեկամ հնդիկ ժողովուրդը ամեն տարի՝ գարնանամուտին, գույների փառատոն է անցկացնում: Այս տոնը հայտնի է «Հոլի» անունով:
«Հոլին» հայտնի է նաև որպես սիրո, գույների և գարնանամուտի տոն: Այն հինդուական հնագույն և ամենապոպուլյար տոներից մեկն է, որն ամեն տարի նշվում է ինչպես Հնդկաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հնդիկներ են ապրում: Հայաստանի հնդկական համայնքը նույնպես հետ չմնաց այս տոնից՝ Երևանը ներկելով հնդկական գույներով:
Տոնի նախապատմությունն ու ծագումնաբանությունը
«Հոլիի» փառատոնն իր արմատներով հասնում է հնդկական հնագույն կրոնի՝ հինդուիզմի ավանդույթներին:
Տոնի համառոտ պատմությունը հետևյալն է: Գույների այս փառատոնը, որ խորհրդանշում է գարնանամուտն ու երկար ձմռան ավարտը, գովերգում է բարու հաղթանակը չարի դեմ:
Լեգենդը, որն, ըստ վարկածներից մեկի, ոգեշնչել է «Հոլիի» ավանդույթի ստեղծումը, պտտվում է քույր և եղբայր երկու դևերի՝ Հոլիկայի ու Հիրանյակիասպուի շուրջ: Ըստ առասպելի՝ Հիրանյակիասպուն դև էր, չար թագավոր, որն օժտված էր անմահությամբ: Նա ուներ 5 հատուկ ուժեր, որոնց շնորհիվ նրան հնարավոր չէր սպանել որոշակի հանգամանքներում, օրինակ՝ կենդանիների կամ մարդկանց կողմից, դրսում կամ ներսում, ցերեկը և գիշերը, օդում, ջրում և ցամաքում, արկի կամ ինքնաշեն զենքի միջոցով: Եվ սա գործնականում անպարտելի էր դարձնում նրան:
Հիրանյակիասպուի լայն իշխանությունը թույլ էր տալիս իրեն ստիպելու մարդկանց հավատալ, որ ինքն աստված է և պիտի դառնա պաշտամունքի առարկա: Իսկ ով դրան չէր ենթարկվում՝ խստորեն պատժվում էր կամ սպանվում:
Չնայած այդ հանգամանքին՝ Հիրանյակիասպուի որդին՝ Փրահլադը, շարունակում էր իր հոր փոխարեն երկրպագել հինդուական աստծուն՝ Վիշնուին: Եվ չար դևը մի օր որոշում է սպանել իր որդուն՝ իր այս ծրագրի մեջ ներքաշելով իր քրոջը՝ Հոլիկային: Վերջինս հատուկ թիկնոց ուներ, որը պաշտպանում էր իրեն կրակից: Եվ նա գցեց Փրահլադին կրակի խարույկի մեջ՝ փորձելով սպանել նրան: Բայց կախարդական թիկնոցը Հոլիկայի փոխարեն պաշտպանեց Փրահլադին, և Հոլիկան այրվեց կրակի մեջ:
Իսկ Վիշնուն, տեսնելով այս ամենը, որոշում է մեկընդմիշտ ազատվել Հիրանյակիասպուից՝ սպանելով նրան իր ճանկերով:
Այսպիսով, ըստ ավանդության՝ «Հոլին» իր անունը ստացել է դևի քրոջ՝ Հոլիկայի անունից: Սրանով է բացատրվում այն փաստը, որ տոնակատարության առաջին երեկոն մարդիկ անցկացնում են խարույկի շուրջ. այդպիսով նրանք տոնում են բարու հաղթանակը՝ չարի, լույսի հաղթանակը՝ խավարի նկատմամբ:
«Մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի զգայունությունը»
Երևանում Հոլիի տոնն այս շաբաթվա սկզբին նշեցին ոչ միայն Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի՝ ԵՊԲՀ-ի, այլև «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հնդիկ ուսանողները, բուհի ղեկավարության և դասախոսական կազմի ներկայացուցիչները: Ավելի ուշ հնդկական գույների փառատոնին միացավ նաև Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալը:
Ելույթ ունենալով արդեն վաղուց ներկված դեմքերով ուսանողների և համալսարանի դասախոսների, ինչպես նաև ներկա գտնվող ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև՝ դեսպանը շնորհավորեց իր հայրենակիցներին գարնանամուտի տոնի կապակցությամբ, բայց նաև չմոռացավ շատ նրբանկատորեն ու դիվանագիտորեն նկատել, որ հատկապես Հայաստանը շատ ծանր տարի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում, և իրենք, որևէ տոնակատարություն և ուրախություն նշելիս, պետք է հաշվի առնեն այդ «զգայունությունը» և ավելի զուսպ լինեն:
«Հարգելով նրանց զգայունությունը՝ կարծում եմ, որ սխալ բան չկա այս փառատոնը սահմանափակ թվով և սահմանափակ իմաստով կազմակերպելու մեջ՝ ինչպես դուք եք անում այսօր», — ավելացրեց Հնդկաստանի դեսպանը:
Տոնական տրամադրություն՝ «փոքրիկ Հնդկաստանում»
Իսկ մթնոլորտը «Մխիթար Գոշ» համալսարանին հարակից դաշտում կազմակերպված պարահրապարակում իսկապես շատ տոնական էր, դրական ու գոնեղ՝ բառի բուն և պատկերավոր իմաստներով, և վարակում էր ցանկացածին, ով պլանավորված կամ պատահաբար հայտնվում էր այդ «փոքրիկ Հնդկաստանում»: Եվ զարմանալի չէր, երբ ամենատարբեր գույներով ներկված հնդիկ ուսանողների մեջ հանդիպում էինք նաև հայ երեխաների, պատանիների և երիտասարդների:
Իրենց համեստ հնարավորություններով, բայց շատ մեծ սրտով ու հյուրասեր այս մարդիկ ստեղծել էին բոլոր պայմանները բարձր տրամադրության համար՝ երաժշտություն, հատուկ նյութից պատրաստված գույներ և հյուրասիրություն: Դաշտի անկյունում կանգնած խոհարարը ցանկացողներին հյուրասիրում էր հնդկական ավանդական ուտեստներով՝ Պակորա (համեմված փքաբլիթ), Սամոսա (խորտիկ), Լադդու (քաղցրավենիք) և այլն:
Մթնոլորտը «փոքրիկ Հնդկաստանում» իրոք շատ հաճելի էր ու տոնական, և նույնիսկ մենք, մեր պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս, չկարողացանք զերծ մնալ դրանում ներգրավվելու գայթակղությունից:
Թե ինչո՞ւ էին մեր հնդիկ բարեկամները այդպես հաճույքով ու խանդավառությամբ ներկում իրար, «ձեռքի հետ» էլ՝ նաև մեզ, գուցե անծանոթ մարդու աչքին փոքր-ինչ արտասովոր կամ տարօրինակ թվա, բայց իրականում հնդիկները միակ ժողովուրդը չեն այսպիսի խենթ ու խելառ տոներով կամ ավանդույթներով:
Հիշենք, թեկուզ, մեր Վարդավառը՝ Պայծառակերպության տոնը: Այս տոնի ժամանակ մենք ոչ թե ներկում, այլ ջրում ենք միմյանց՝ մեղքերից մաքրվելու, կյանքի վերածնունդը ջրի օրհնություններով նշելու և պարզապես մարդկայնորեն զվարճանալու, ամռան շոգին փոքր-ինչ զովանալու համար: Այս իմաստով Հնդկական Հոլին ինչ-որ տեղ նման էր մեր հայկական Վարդավառին: Եվ ինչպես Վարդավառը՝ մեզ համար, Հոլին էլ հնդիկների ամենասիրված, ամենաժողովրդական ու պայծառ տոներից մեկն է, որը նրանք նշում են մեծ սիրով ու անկեղծ սրտով: Դա կարելի էր կարդալ նրանց հայացքներում և աչքերում:
Այդպես սիրով էլ ներկեցին իրենց երկրի դեսպանին՝ պարոն Դեվալին: Այդ պատվավոր առաքելությունն իրականացրեց «Մխիթար Գոշի» փոխնախագահ, դոկտոր Աշոկ Պատելը: Դեսպան Դեվալն էլ պատասխանեց իր հայրենակիցներին նույն ժեստով: Դա, կարծես, օրհնանքի նման մի բան լիներ:
Հնդկաստանի գույնը ծիածանն է
YerevanLife.am-ի հետ զրույցում դեսպան Դեվալը բացատրեց, որ Հոլիի տոնով իրենք նշում են իրենց միասնությունը, ինչպես նաև դիմավորում են գարունը, երբ բնությունը նոր գույներ է ստանում:
«Այս տոնով մենք նաև նշում ենք գարնանամուտը, երբ ձմեռն ավարտվում է, բնությունը նոր գույներ է ստանում, ծաղիկները ծաղկում են, և մենք նոր կյանք ենք սկսում: Ուստի սա նոր կյանքի տոնակատարություն է: Այս տոնը նշում են Հնդկաստանում, իսկ այստեղ՝ Հայաստանում, նշում են մեր ուսանողներն ու մեր հայրենակիցները: Այս փառատոնի արմատները խրված են դիցաբանական պատմության մեջ, որը պատկանում է հինդուիզմին, բայց Հնդկաստանում մենք այս տոնը նշում ենք որպես հնդիկների միասնության փառատոն: Այնպես որ, ճիշտ չի լինի ասել, թե այս տոնը նշում են առանձին էթնիկ, կրոնական կամ ռասսայական խմբի ներկայացուցիչներ: Այն նշում է ողջ Հնդկաստանը», — մեկնաբանեց դեսպանը:
Իսկ ո՞րն է ընդհանրապես Հնդկաստանի գույնը՝ դեսպան Դեվալի կարծիքով:
«Ես կասեի, որ Հնդկաստանի գույնը ծիածանն է: Մենք նման ենք ծիածանի. մենք բազմաէթնիկ և բազմակրոն երկիր ենք՝ բազմաթիվ գույներով, տարբեր լեզուներով, տարբեր կրոններով, տարբեր ազգություններով, բայց մենք միավորված ենք՝ ինչպես ծիածանը», — մեր հարցին այսպես պատասխանեց Հնդկաստանի դեսպան Կիշան Դեվալը՝ ավելացնելով, որ Հայաստանը այդ առումով նման է Հնդկաստանին, քանի որ նույնպես շատ գեղեցիկ բնություն ունի:
Արամ Սարգսյան